ՔԿՎ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, վերջին երկու ամիսներին նա բուժվում էր քաղաքացիական հիվանդանոցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Վահագն Մարտիրոսյանը՝ ենթադրելով, որ հենց առողջական ծանր վիճակի համար էլ նախագահը ներում է շնորհել ՔԿՎ նախկին պետին:

«Սամվել Հովհաննիսյանը փաստաբան չունի այս պահին: Դեկտեմբերի 1-ին նա հրաժարվել է մեզնից, ժամեր անց նաեւ մեր վերաքննիչ բողոքից: Հենց նույն օրն էլ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը կարճել է վերաքննիչ գործը: Այնուհետեւ արդեն Սամվել Հովհաննիսյանը դիմել է նախագահին: Անձամբ ես փաստաթուղթը չեմ տեսել: Ենթադրում եմ, որ ծանր վիճակի համար են նրան ներում շնորհել»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ Սամվել Հովհաննիսյանը կալանավայրից դուրս է եկել 2-3 օր առաջ:

Նշենք, որ Սամվել Հովհաննիսյանը կալանավորվել էր 2012 թվականի հունիսին առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու եւ մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով եւ պատվերով սպանության նախապատրաստություն կազմակերպելու մեղադրանքով։