Հայտնի է, որ բնակարանների եւ առանձնատների գների պաշտոնական տվյալները դինամիկությամբ չեն առանձնացել: Այդ ցուցանիշները պահպանվում են արդեն ամիսներ շարունակ: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հերթական՝ նոյեմբերի տվյալները ոչ մի նորույթ չմտցրեցին. մեկ տարվա ընթացքում գները գրեթե չեն փոխվել:
Այդ տեղեկության համաձայն, բնակարանների շուկայական գնի որոշակի աճ է նկատվել Նուբարաշեն վարչական շրջանում՝ 1.4%-ով: Բայց այդ շրջանը, փոքր բնակֆոնդի պատճառով, մայրաքաղաքի բնակարանների շուկայի վրա զգալի ազդեցություն չունի:
Երեւանում բնակարանները միջինը մեկ տարվա ընթացքում թանկացել են 0.2%-ով, իսկ առանց նշված Նուբարաշենի՝ խորհրդանշական 0.1%-ով: Թանկարժեք բնակարաններով երկու շրջաններում՝ Կենտրոնում եւ Արաբկիրում, գները մեկ տարվա ընթացքում նույնն են մնացել: Սակայն թվերը մշակողները, ենթադրաբար, հաշվի չեն առել մեկ կարեւոր գործոն՝ Հայաստանում վերջին շրջանում դիրքերն ամրապնդվող դոլարը: Նշենք, որ այդ գործընթացը սկսվեց նոյեմբերի երրորդ տասնօրյակում, իսկ առավելագույն շեմին դոլարի փոխարժեքը հասավ դեկտեմբերի 17-ին:
Գաղտնիք չէ, որ բնակարանների առքուվաճառքի գործարքների մեծ մասն իրականացվում է հենց դոլարով: Վերջինի փոխարժեքը նոյեմբերից գրեթե չի փոխվել. հոկտեմբերին դոլարը տարեկան կտրվածքով ամրապնդվել է 1%-ով: Այդ պատճառով բնակարանների գների պաշտոնական «կայունությունը» դրամով ուղեկցվում է դոլարով արտահայտված գների նույն կայունությամբ:
Իսկ ահա նոյեմբերին պաշտոնական գները չփոխվեցին, սակայն «թանկացած» դոլարը կտրուկ կերպով փոխեց պատկերը: Բնակարանների մեկ քառակուսի մետրի գինը դրամով՝ դոլարային արտահայտությամբ, բնակարանների էժանացման հետաքրքիր պատկեր ստեղծեց:
Ներկայացվող աղյուսակում նշված են բնակարանների 1 քառակուսի մետրի գները՝ դոլարային համարժեքով, ինչպես նաեւ Երեւանի համար ստանդարտ բնակարանների (63 քառակուսի մետր) հաշվարկային արժեքը՝ դոլարով:




























