2015 թվականին Հայաստանը Համաշխարհային բանկի աջակցությամբ շարունակելու է տնտեսող ոռոգման ծրագիրը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը: Ծրագիրը ենթադրում է ոռոգման պոմպային համակարգերի փոխարինումը ինքնահոս համակարգով, ինչը կօգնի էլեկտրաէներգիայի մասով խնայողություն կատարել:

Նա նշեց, որ ծրագրով նախատեսված չորս համակարգերից մեկն արդեն կառուցվում է իրանական սահմանին՝ Արաքս գետի ափին, Մեղրի քաղաքի մոտ: Մյուս երեքի մասով՝ Քաղցրաշենում, Նոյակերտում եւ Գեղարդալիճում, նախագծային-հաշվարկային փաստաթղթերն են նախապատրաստվում:

«Մենք ցանկանում ենք հնարավորինս արագ սկսել շինարարությունը: Դա կօգնի այդ շրջաններում նվազեցնել ոռոգման ինքնարժեքը»,- նշեց Մկրտումյանը:

2013 թվականի մայիսին հաստատված ծրագրի ընդհանուր արժեքը 37.5 մլն դոլար է: Նախագիծը ներառում է ենթակառուցվածքների շինարարություն եւ հեռահար կառավարման SCADA համակարգի տեղակայում: