Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը ցրել է երկրի խորհրդարանը եւ հունվարի 25-ին արտահերթ ընտրություններ նշանակել: Նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտել այն բանից հետո, երբ առավոտյան այն տեղադրվել է խորհրդարանի գլխավոր մուտքի հայտարարությունների պատին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հունաստանի նախագահը նաեւ որոշել է, որ խորհրդարանի նոր կազմը, որը ձեւավորվելու է հունվարի 25-ի ընտրություններից հետո, իր առաջին նիստը կանցկացնի փետրվարի 5-ին:

Երկրի վարչապետ Անդոնիս Սամարասը երեքշաբթի հանդիպել է նախագահ Պապուլիասին եւ խնդրել նրան խորհրդարանը ցրելու դեկրետ ներկայացնել, որով պաշտոնապես կսկսվի նախընտրական քարոզարշավը:

85-ամյա Պապուլիասի լիազորությունների ժամկետն ավարտվում է 2015-ի փետրվարին, սակայն կառավարությունը նրա համաձայնությամբ երկուամիս առաջ սկսել է նախագահի իրավահաջորդի ընտրության ընթացակարգը: