Դեկտեմբերի 30-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն այցելեց հայ խաղաղապահներին, ովքեր նոյեմբեր ամսից իտալական հրամանատարության ներքո խաղաղապահ առաքելություն են իրականացնում «Լիբանանում Միավորված Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» (UNIFIL) առաքելության կազմում:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիսավոր արարողությունից հետո դեսպանին ողջունեց առաքելության միացյալ ուժերի հրամանատար, իտալական բանակի բրիգադի գեներալ Ստեֆեն Դել Կոլը: Վերջինիս գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում, այնուհետեւ դեսպան Քոչարյանը ստորագրեց պատվավոր այցելուների մատյանում, իտալական հրամանատարությանը իր խորին երախտագիտությունը հայտնեց հյուրընկալության համար եւ համոզմունք հայտնեց, որ UNIFIL-ի ընտանիքին միացած հայ խաղաղապահներն իրենց կարեւոր ներդրումը կունենան բարեկամ Լիբանանի խաղաղության ապրապնդման գործում:
Հայ խաղաղապահների հետ ունեցած հանդիպման ժամանակ դեսպանը որոշ մանրամասներ ներկայացրեց Լիբանանի ներքաղաքական կյանքի, լիբանանահայ համայնքի եւ հայ-լիբանանյան երկկողմ բարեկամական հարաբերությունների մասին: Դեսպանը հայ խաղաղապահներին շնորհավորեց Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, մաղթեց նրանց բարի եւ անվտանգ ծառայություն, հաջողություններ եւ ամենայն բարիք:




























