Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը վստահ է, որ աշխատանքի եւ հոգատար վերաբերմունքի, անկոտրում հավատի շնորհիվ այս տարի կստացվի հոգսերը թեթեւացնել:
Նախարարն իր ֆեսյբուքյան էջում տեղադրել է բնական եղեւնու նկար եւ կատարել հետեւյալ գրառումը. «Բակիս այս եղեւնին ամիսներ առաջ շատ էր խեղճացել: Ով տեսնում, ասում էր` հաստատ կչորանա, բայց ես որոշեցի ամեն դեպքում փորձել: Ծառը տեղափոխեցի ավելի ազատ տարածք, համապատասխան խնամք ապահովեցի: Ինչպես տեսնում եք, ամիսներ անց եղեւնին նորից կանաչ է: Իհարկե այս տարի, որդուս ցանկությամբ, եղեւնին չծանրաբեռնեցինք խաղալիքներով, բայց մյուս տարի հաստատ զարդարելու ենք… Եղեւնուս վերածնվելը կարծում եմ ունի իր խորհուրդը. Նոր Տարին հույսով, վճռականությամբ, դրական լիցքերով սկսելու համար…
Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Ամանորի եւ Ծննդյան տոների կապակցությամբ: Վստահ եմ, որ մեր աշխատանքի, մեր հոգատար վերաբերմունքի, մեր անկոտրում հավատի շնորհիվ կստացվի հոգսեր թեթեւացնել ու ճիշտ լուծումներ գտնել խնդիրներին: Թո՛ղ 2015-ին ավելի շատ լինեն երջանիկ պահերը եւ առավել տեսանելի արդյունքներ»:




























