Էկվադորը գլխավորել է այն երկրների ցանկը, որտեղ առավելագույնս հոգ են տանում թոշակառուների մասին: Այս տիտղոսին, ամերիկյան International Living ամսագրի վարկանիշով, Էկվադորն առաջին անգամ չէ, որ արժանանում է: Ըստ ՏԱՍՍ գործակալության, International Living-ի վարկանիշը կազմվել է՝ հաշվի առնելով այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են կյանքի արժեքը, անշարժ գույքի գինը, կլիման եւ բժշկական ծառայությունների որակը:

Էկվադորում կյանքը երկու անգամ ավելի էժան է, քան ԱՄՆ-ում: Կոլումբիային եւ Պերուին սահմանակից հարավամերիկյան այդ երկրում կարելի է ապրել ամսական 1.500 դոլարով՝ ներառյալ բնակարանի վարձը: Այստեղ բժշկին այցելությունը 10 դոլար արժե, իսկ ռեստորանում կարելի է ճաշել 2.5 դոլարով: Բացի այդ, 65 տարեկանից բարձր մարդիկ զեղչեր են ստանում ավիափոխադրումների, հասարակական տրանսպորտի եւ մշակութային միջոցառումների համար: Էկվադորում օվկիանոսի ափին երկու ննջարանով բնակարան կարելի է գնել 100 հազար դոլարից էլ պակաս գնով:

Ընդհանուր առմամբ, International Living-ի վարկանիշում 25 երկիր կա: Երկրորդ տեղում անցյալ տարվա առաջատար Պանաման է, երրորդում՝ Մեքսիկան: Առաջին տասնյակում ներառվել են նաեւ Մալազիան, Կոստա Ռիկան, Մալթան, Իսպանիան, Կոլումբիան, Պորտուգալիան եւ Թայլանդը:

Այսպիսով, տասնյակում հայտնվել են երկուական երկրներ Հարավային Ամերիկայից եւ Ասիայից, երեքական երկրներ՝ Կենտրոնական Ամերիկայից եւ Եվրոպայից: