Շուտով կյանքի կկոչվի ՀՅԴ-ական հայտնի գործիչ, Գերմանիայում Հայաստանի նախկին դեսպան Վահան  Հովհաննիսյանի ցանկություններից մեկը. Մանդիլիոնը 2015թ.՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակում, կբերվի Հայաստան:  Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասել է Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը:  

«Մանդիլիոնը պահվում է Իտալիայում՝ պատմականորեն հայերին պատկանող եկեղեցում, հիմա պատկանում է Սուրբ աթոռին, եւ մենք Վահանի հետ մտածում էինք, թե որքան լավ կլինի, որ Մանդիլիոնը 2015թ. գա Հայաստան: Ժամանակավոր, որպեսզի մարդիկ գան, խոնարհվեն եւ իրենց աղոթքը բարձրացնեն առ Աստված: Երկար բանակցություններ էինք վարում, Վահանի հետ էինք խորհրդակցում: Նրա մահից մեկ շաբաթ առաջ բանակցություններն ավարտեցինք, եւ ես հասցրեցի իմ ավագ ընկերոջն ասել, որ հասցրեցինք…Հուզվեց, երբ լսեց: Ինձ համար շատ կարեւոր էր, որ հասցրեցինք»,- պատմել է Միքայել Մինասյանը եւ ընդգծել՝ վստահ է, որ Վահան Հովհաննիսյանի հոգին կլինի մեզ հետ մեր աղոթքների ժամանակ:

Հիշեցնենք, որ 2013թ. լույս էր տեսել Վահան Հովհաննիսյանի հեղինակած գեղարվեստական գիրքը՝  «Մանդիլիոնը», որը պատմում է Քրիստոսի անձեռակերտ դաստարակի` Մանդիլիոնի ժամանակակից փնտրտուքների մասին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 28-ին երկարատեւ եւ ծանր հիվանդությունից մահացել է ՀՅԴ-ական հայտնի գործիչ, Գերմանիայում Հայաստանի դեսպան Վահան  Հովհաննիսյանը: