Արցախի ՊԲ հարավային եւ արեւելյան ուղղություններով հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ժամը 03:15-ի սահմաններում հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն-հետախուզական երկու գործողությունների հետեւանքով մահացած Կարեն Գրիգորյանն Արտաշատից էր: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին Արտաշատի զինկոմից:

Նրանց փոխանցմամբ` դեռ հայտնի չէ, թե երբ են հուղարկավորելու զոհված զինծառայողին: Նշենք, որ նրա աճյունը դեռ չեն տեզափոխել Արտաշատ:

Մեր տեղեկություններով` Կարենը 21 տարեկան էր, բուհն ավարտելուց հետո ծառայության էր անցել Արցախի Զինված ուժերում, իսկ ծնողներն ու քույրն Արտաշատում են ապրում:

Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ժամը 03:15-ի սահմաններում, Արցախի ՊԲ հարավային եւ արեւելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել ելման դիրքերը:

Ցավոք, հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը եւ Վարդան Մարտիկի Մկրտչյանը: Վիրավորում է ստացել զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը: