Արցախի ՊԲ հարավային եւ արեւելյան ուղղություններով հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ժամը 03:15-ի սահմաններում հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն-հետախուզական երկու գործողությունների հետեւանքով զոհված 19-ամյա Վարդան Մկրտչյանն Արարատի մարզի Հովտաշեն գյուղից էր, 1,5 տարվա զինծառայող: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովտաշենի գյուղապետ Խաչիկ Խաչատրյանը:
Նա պատմեց, որ Վարդանը դեպքից ընդամենը ժամեր առաջ խոսել է ծնողների եւ տատիկի հետ, շնորհավորել նրանց Նոր տարին:
«Լավ տրամադրություն է ունեցել, ծնողների հետ ուրախ խոսել է, բոլորի Նոր տարին շնորհավորել: Հունիսի վերջին պիտի զորացրվեր»,- ասաց գյուղապետը:
Վարդանի հայրը երկրորդ կարգի հաշմանդամ է, չի աշխատում, իսկ մայրն էլ հողագործությամբ է զբաղվում:
«Իրենից էլ փոքր եղբայր ունի, այս տարի բանակ է գնալու»,- ավելացրեց Խաչիկ Խաչատրյանը:
Զոհված զինծառայողի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 5-ին Հովտաշենում:
Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ժամը 03:15-ի սահմաններում, Արցախի ՊԲ հարավային եւ արեւելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել ելման դիրքերը:
Ցավոք, հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը եւ Վարդան Մարտիկի Մկրտչյանը: Վիրավորում է ստացել զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը:




























