Փարիզում Charlie Hebdo երգիծական թերթի խմբագրությունում անհայտ անձինք կրակ են բացել, որի հետեւանքով զոհվել է 11 մարդ: Այս մասին հաղորդում է Le Parisien պարբերականը։ Բացի այդ, ականատեսների խոսքով, հրաձգության արդյունքում եւս 5 մարդ վիրավորվել է:

«Երկու տղամարդ, ովքեր զինված են եղել Կալաշնիկով տեսակի ինքնաձիգով և ականանետով, ներխուժել են Փարիզի 11-րդ շրջանում գտնվող թերթի խմբագրություն՝ սպանելով պարբերականի աշխատակիցներին»,- ֆրանսիական iTELE-ին ասել է ականատեսներից մեկը։

Հաղորդվում է նաեւ, որ չարագործները փորձել են հեռանալ դեպքի վայրից ավտոմեքենայով՝ վրաերթի ենթարկելով երկու անցորդի:

Երգիծական թերթի խմբագրության վրա զինված հարձակման հետեւանքով զոհվածները պարբերականի աշխատակիցներն են: Խմբագրությունում զոհվել է 10 մարդ, եւս մեկը մահացել է դրսում:

Ներկայում ոստիկանությունը շարունակում է փնտրել ճողոպրած չարագործներին: 2011թ. անհայտ անձինք հրդեհել էին Charlie Hebdo-ի գրասենյակն այն բանից հետո, երբ թերթը գլխավոր խմբագիր էր հռչակել Մուհամեդ մարգարեին: