JP/Politikens Hus դանիական մեդիախումբը, որում ընդգրկված է 2005թ. Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները հրապարակած Jyllands-Posten թերթը, փարիզյան պարբերականի խմբագրությունում իրագործված ահաբեկչությունից հետո ուժեղացրել է անվտանգության մակարդակը:

Չորեքշաբթի Փարիզի 11-րդ շրջանում գտնվող Charlie Hebdo երգիծական թերթի խմբագրությունում անհայտ անձինք կրակ են բացել, որի հետեւանքով զոհվել է 12 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան: Չարագործները դեպքի վայրից անհետացել են ավտոմեքենայով՝ վրաերթի ենթարկելով երկու անցորդի: Փարիզում հայտարարվել է ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Դանիական ընկերության աշխատակիցներին ուղղված նախազգուշացումն ուղարկվել է կորպորատիվ փոստի միջոցով: Այս մասին գրում է «Ռեյթեր» գործակալությունը:

«Յուլանս-Փոսթենում» հակասական ծաղրանկարի հրապարակումից հետո բազմաթիվ եվրոպական պարբերականներ արտատպել են այն: Համերաշխության ինքնատիպ դրսեւորումը, մասնավորապես, հանգեցրել է France Soir թերթի գլխավոր խմբագրի աշխատանքից ազատմանը: