Իսլամական հավատքի ֆրանսիական խորհրդի ղեկավար (Conseil francais du сulte musulman, CFCM) Դալիլ Բուբաքերը խստորեն դատապարտել է Charlie Hebdo ամսագրի խմբագրության նկատմամբ իրագործված ահաբեկչությունը:

Չորեքշաբթի Փարիզի 11-րդ շրջանում գտնվող Charlie Hebdo երգիծական թերթի խմբագրությունում անհայտ անձինք կրակ են բացել, որի հետեւանքով զոհվել է 12 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան: Երեք չարագործներին հաջողվել է անհետանալ դեպքի վայրից:

«Այս բարբարոսական ակտը նաեւ հարձակում է ժողովրդավարության եւ մամուլի ազատության վրա: Մենք Հանրապետության որդեգրած արժեքներին հավատարիմ բոլոր մարդկանց կոչ ենք անում խուսափել սադրանքներից, որոնք միայն կրակին յուղ են լցնում», - ասվում է CFCM հայտարարության մեջ:

Խորհուրդը մահմեդական հանրությանը կոչ է արել ցանկացած տեսակի ծայրահեղական խմբերի կողմից տարատեսակ շահարկումներին ծայրահեղ զգոնությամբ վերաբերվել:

Charlie Hebdo երգիծական ամսագիրն առավել հայտնի է դարձել 2006թ.՝ ավելի վաղ Jyllands-Posten դանիական պարբերականում հայտնված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների արտատպումից հետո: