Հյուսիսային կիսագնդում, ի տարբերություն Հարավայինի, հուլիսի 11-ին արեւի խավարման երեւույթ չի դիտվել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող Արթուր Կարապետյանը։
Նրա խոսքով, արեւի խավարումը երեւում է Երկրագնդի որոշակի հատվածներից։ «Երեւույթին Երկրագնդի բոլոր մասերից, իհարկե, հնարավոր չէ հետեւել, որովհետեւ յուրաքանչյուր անգամ արեւի խավարումը տեսանելի է լինում աշխարհագրական ամենատարբեր լայնություններում»,- տեղեկացրեց նա։ Աստղագետը նշեց նաեւ, որ 18 տարվա կտրվածքով նկատվում են արեւի եւ լուսնի՝ ընդհանուր առմամբ 70 խավարումներ։ «Ընդ որում, առավել մեծ թիվ են կազմում արեւի խավարումները»,- հավելեց Արթուր Կարապետյանը։
Աստղագետը նշեց նաեւ, որ թեպետ արեւի խավարման դեպքեր գրանցվում են գրեթե յուրաքանչյուր տարի, սակայն Երկրագնդի վրա կան մի շարք կետեր, որտեղ բնակվող մարդիկ երեւույթին կարող են ականատես լինել բավական հազվադեպ։ «Օրինակ Հայաստանում արեւի խավարումները երեւում են 100-120 տարին մեկ անգամ»,- ավարտեց Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողը։
Նշենք, որ հուլիսի 11-ին Հարավային կիսագնդի բնակիչները հնարավորություն են ունեցել հետեւելու արեւի խավարմանը։ Այն դեպքում, երբ արեւի խավարումը տեւում է առավելագույնը 3 րոպե, այս տարի այն ձգվել է 5 րոպե 20 վայրկյան։




























