Ադրբեջանում աճում է թշնամանքն ԱՄՆ նկատմամբ: Այս մասին The New York Times-ում տպագրված հոդվածում նշել է ամերիկացի լրագրող Ջոշուա Քուչերը՝ վերլուծելով այդ երկրում տիրող իրավիճակը:

NEWS.am-ը աննշան կրճատումներով ներկայացնում է այդ հոդվածը:

Դեկտեմբերի 26-ին Ադրբեջանի ոստիկանությունը հարձակում է գործել «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի վրա, որին ֆինանսավորում է ԱՄՆ կառավարությունը:

Դրանից մեկ ամիս առաջ կասկածելի մեղադրանքների հիման վրա կալանավորվել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Հադիջա Իսլայիլովան, որին մեղադրում են ինքնասպանության հասցնելու փորձի մեջ: Ենթադրյալ զոհը հրաժարվել է մեղադրանքից, սակայն Իսմայիլովան դեռեւս բանտում է:

Այս իրադարձությունները արտերկրում արդարացիորեն գնահատում են որպես այլընտրանքային տեսակետների հնարավորության էլ ավելի նեղացում:

Բացի այդ, նրանք նաեւ արձանագրել են Ադրբեջանում աշխարհաքաղաքական նախընտրությունների կտրուկ փոփոխություն, այլ խոսքով, ԱՄՆ նկատմամբ աճող թշնամանք է նկատվում: Ադրբեջանը շատ ձեռնտու աշխարհաքաղաքական դիրք է զբաղեցնում: ԽՍՀՄ փլուզումից հետո անկախություն ձեռք բերելուց հետո այդ երկիրը ԱՄՆ-ը համարում էր իր գլխավոր ռազմավարական գործընկերներից մեկը: Վաշինգթոնի հետ միասին Բաքուն փորձում էր կոտրել Ռուսաստանի էներգետիկ մենաշնորհը տարածաշրջանում՝ աջակցելով դեպի Թուրքիա նավթատարների ու գազատարների կառուցմանը: Ադրբեջանը նաեւ առանցքային տարանցիկ երկիր է դեպի Աֆղանստան բեռների տեղափոխման ճանապարհին: Բաքվի ղեկավարությունը նաեւ սերտ կապեր է հաստատել Իսրայելի հետ, որոնք հիմնված են հիմնականում զենքի ու նավթի առեւտրի վրա:

Դեռեւս 2009-ին ԱՄՆ-ը Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը բնորոշել է որպես «պրագմատիկ, զուսպ եւ Արեւմուտքի հետ ինտեգրման օգտակար թեքվածությամբ»: Սակայն Ռուսաստանի նոր արտաքին քաղաքականության եւ Եվրասիայում ռազմավարական լանդշաֆտիօ փոփոխության հետ կապված Բաքուն վերանայել է իր հայացքները, թե արդյոք Արեւմուտքի հետ կապերը նպաստում են իր սեփական նպատակների աջաջխաղացմանը:

«Ազատություն» ռադիոկայանի վրա հարձակմանը նախորդել են խիստ հակաարեւմտյան հռետորության ամիսները: Այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրել են ԱՄՆ դեսպանին իրենց ներքին գործերին կոպտորեն միջամտելու, իսկ Շվեդիայի ԱԳ նախկին նախարար Կարլ Բիլդտին՝ ԱՄՆ օգտին լրտեսության մեջ:

Դեկտեմբերի  սկզբին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւը 13 հազար բառից բաղկացած հոդված է հրապարակել, որտեղ պնդում է, որ ԿՀՎ-ն հետխորհրդային երկրներում գունավոր հեղափոխություններ է նախապատրաստում: Բացի այդ, նա ադրբեջանցի իրավապաշտպաններին անվանել է ԱՄՆ «5-րդ շարասյուն»: Բաքվի հիմնական քննադատությունն այն է, որ Վաշինգթոնը, գործելով հասարակական կազմակերպությունների միջոցով, փորձում է ապակայունացնել Ադրբեջանը:
Իրականում իրավապաշտպանները քննադատում էին Վաշինգթոնին եւ եվրոպական երկրներին բաքվի հանդեպ չափից ավելի մեղմ դիրքորոշման մեջ: «Ազատություն» ռադիոկայանի դեմ հարձակումը Վաշինգթոնն անվանել էր ընդամենը «անհանգստության առիթ»: Չնայած Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում վատթարացող վիճակին, Բաքուն արժանացել է այնպիսի հեղինակավոր նախագծերի, ինչպիսն է ԵԽ նախարարների խորհրդում նախագահությունը 2014-ին, իսկ այս տարվա ամռանը Ադրբեջանում տեղի կունենան Եվրոպական խաղեր:

Բաքվի հակաամերիկյան հռետորությունը նորություն չէ, սակայն դրա ներկայիս ինտենսիվությունը եւ կրեմլյան թեզիսների վրա հենվելը վկայում են Մոսկվայի կողմը թեքվելու մասին: Ռուսաստանին եւ Հայաստանին կապում է ՀԱՊԿ-ն, ՀՀ տարածքում ռուսական ռազմակայան կա: Բացի այդ, Կրեմլը զենք է վաճառում Հայաստանին ցածր գնով: Երբեք պարզ չի եղել, թե ինչպես Մոսկվան կարող է միջամտել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պատերազմին, բայց Բաքվի հրաժարումը ԱՄՆ-ից ստիպում է Ռուսաստանին էլ ավելի խուսափել Բաքվի դեմ հակամարտություն հրահրելուց:

Փաստը, որ «Ազատություն» ռադիոկայանի դեմ գործողությունն իրականացվել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ հեռախոսազրույցից մի քանի օր անց, ցույց է տալիս Բաքի արհամարհանքը ԱՄՆ-ի նկատմամբ:

Նման իրավիճակում Ադրբեջանի մերձեցումը Մոսկվայի հետ թաքնված սպառնալիք է Վաշինգթոնի համար՝ «տվեք մեզ այն, ինչ ուզում ենք, կամ էլ մենք անցնում ենք Ռուսաստանի կողմը» սկզբունքով:

ԱՄՆ-ը չպետք է տրվի այդ շանտաժին:

Այո, խաղադրույքները բարձր են. մինչ Վաշինգթոնն աշխատում է, որպեսզի մեկուսացնի Ռուսաստանը տնտեսապես, եվրոպացի սպառողների համար ադրբեջանական գազը այլընտրանքային է դառնում ռուսական գազին: Բաքվի աշխարհաքաղաքական տեղաշարժը կարող է խախտել նուրբ ռազմաքաղաքական հավասարակշռությունը տարածաշրջանում:

Բայց Վաշինգթոնի համար անհեռատեսություն կլինի զոհել իր սկզբունքները հանուն Ռուսաստանի նկատմամբ իր պլանների: Եթե Վաշինգթոնը չի կարողանալու պաշտպանել ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, ներառյալ իր սեփական «Ազատություն» ռադիոկայանի իրավունքները, ապա ԱՄՆ-ը կթվա թույլ եւ կվնասի իր հեղինակությունն իր դաշնակիցների աչքում: