Բրիտանացիները Lunar Mission One ծրագրի շրջանակում մտադիր են ռոբոտ ուղարկել Երկրի արբանյակ: Ռոբոտը Լուսնի ուսումնասիրություններ կիրականացնի եւ Երկրից ուղարկված լուսանկարներով, մազերով եւ ԴՆԹ նմուշներով պարկուճները կթողնի գրունտում: Մտահղացումը կյանքի կոչելու համար Lunar Missions կոնսորցիումը մտադիր է ավելի քան 784 մլն դոլար հավաքել:

Կազմակերպիչները հայտնում են, որ Երկրի յուրաքանչյուր բնակիչ ցանկության դեպքում կարող է մասնակցել նախագծին՝ վճարելով մի քանի ֆունտ: Մինչեւ 200 ֆունտ վճարելով՝ նվիրատվություն կատարողը կարող է արբանյակ ուղարկել կարճ հաղորդագրություն, իր լուսանկարները, մազերի փունջը եւ նույնիսկ կարճ տեսագրություն:

Mignews-ի փոխանցմամբ, Lunar Mission One սարքը Լուսին կհասցնի նաեւ մարդկության պատմության վերաբերյալ նյութեր: Կազմակերպիչները վստահ են, որ եթե երբեւէ Երկրի վրա կյանքը վերանա, ապա անցյալի տվյալները կպահպանվեն: Միաժամանակ, Lunar Mission One զոնդը մեծ ներդրում կունենա Երկրի եւ դրա արբանյակի ձեւավորման ուսումնասիրության գործում: