Charlie Hebdo-ի լրագրողուհի Զինեբ Էլ-Ռազուին վստահ է, որ հրատարակությունը չի դադարելու կատակել: Այս մասին նա հայտարարել է ֆրանսիական Les Echos-ին տված հարցազրույցում: Մահացու վտանգից նրան պատահականությունն է փրկել. Փարիզի խմբագրությունում տեղի ունեցած ողբերգության օրը նա Մարոկկոյում գործուղման է եղել:

«Լրագրողներն իրենց դեռեւս զգում են՝ ինչպես մշուշում, բայց չեն կորցնում միասնության զգացողությունը: Վաղվա օրվա հանդեպ վստահությունը կորել է, այդ պատճառով նրանք, որոնց համարձակությունը չի բավականացնում, կարող են կանգ առնել: Բայց ընտրություն չկա. չի կարելի թույլ տալ, որպեսզի մահը (աշխատակիցների - խմբ.) ապարդյուն լինի:

Պարբերականի աշխատակիցները մտածում են այն մասին, թե ինչպես են վերակազմելու հերթական համարը: Ուշ երեկոյան ինձ նոր տարբերակներ ուղարկեցին: Այնտեղ ամենասուր ծաղրանկարները կան, ընդ որում՝ հենց իրենց, «Je suis Charlie» արշավի մասին: Չէ՞ որ Charlie-ի գործն այսօրվա մասին ծաղրանկարներ անելն է, իսկ դա նշանակում է, որ հարկավոր է նշանառության տակ վերցնել նաեւ խորհրդանիշը, որը պատրաստվում են սարքել մեզանից: Մենք կրկին սկսել ենք ծիծաղել: Միայն թե ոչ այն ժամանակ, երբ մտածում ենք զոհվածների մասին. այդ ժամանակ մենք չենք կարողանում զսպել արցունքները»,- պատմել է Էլ-Ռաուզին: