Գյումրիում հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը դաժանաբար սպանված ընտանիքի անդամների մարմինները քիչ առաջ տեղափոխեցին դիահերձարան: Գյումրիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երեկոյան տան մոտ հավաքված բարեկամներին ոստիկանները թույլ են տվել մեկ-մեկ մտնել տուն եւ տեսնել սպանված հարազատներին:
Ժամը 21:00-ի դրությամբ շարունակվում են դեպքի վայրի զննությունը եւ այլ քննչական գործողություններ:
Մեր տեղեկություններով՝ Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանն այս պահին խորհրդակցություն է հրավիրել մարզային ոստիկանությունում. այնտեղ է նաեւ Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի 6 անդամներին։ Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Վեց ամսական մյուս երեխան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել է եւ այժմ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Ոստիկանությունը որոնում է նրան: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ:



























