Այս պահի դրությամբ դեռ որոնում են Գյումրիում հունվարի 12-ի գիշերը տեղի ունեցած ողբերգության մեջ կասկածվողին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը։
Նա նշեց, որ որեւէ մանրամասն առայժմ չեն կարող հայտնել դեպքի պատճառների մասին: Հարցին, թե ոստիկանությունում ահազանգ չէին ստացել, որ ինքնաձիգով զինծառայող է փախուստի դիմել, նա նշեց, որ նման ահազանգ չի եղել: Վահագն Հարությունյանն ասաց, որ առայժմ որեւէ տվյալ կասկածյալի եւ Ավետիսյանների ընտանիքի կապի, ծանոթ լինելու մասին չկա:
Հարցին, թե տարածքի հարակից փողոցներում տեսախցիկներ չե՞ն եղել, նա պատասխանեց, որ ամեն ինչ ստուգում են, նորություն լինելու դեպքում անմիջապես կհրապարակեն: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը նշեց նաեւ, որ իրենց տեղեկություններով՝ Պերմյակովի մոտ զենք չկա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի 6 անդամներին։ Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Վեց ամսական մյուս երեխան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել է եւ այժմ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Ոստիկանությունը որոնում է նրան: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ։




























