Գյումրիում հունվարի 12-ին դաժանորեն սպանված Ավետիսյանների ընտանիքի 36-ամյա դուստրը՝ Աիդա Ավետիսյանը, 12 տարի աշխատել է Գյումրիի ծաղկի սրահներից մեկում որպես դիզայներ:

Ծաղկի սրահում կատարված ողբերգությունից ցնցված են։ NEWS.am-ի հետ զրույցում նրանք ասացին, որ 1979թ. ծնված Աիդա Ավետիսյանը «խելոք, դաստիարակված» աղջիկ էր, նրանց ընտանիքը՝ նույնպես, եւ չեն պատկերացնում, թե ինչը կարող էր նման դաժան սպանության պատճառ լինել։

Ծաղկի սրահում նաեւ ասացին, որ իրենց հաճախորդների մեջ մեծ թվով ռուս զինվորականներ կան, եւ իրենք չեն հավատում, որ նրանցից մեկն ի վիճակի էր նման վայրագության։

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ` Բայանդուր գյուղի հատվածում: Այժմ քննարկվում է հարուցված երկու քրեական գործերը միացնելու եւ ՀՀ-ում կամ ՌԴ-ում քննելու հարցը: