NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում Քաղաքական գործընթացների հետազոտությունների կենտրոնի փոխնախագահ Վիլեն Խլղաթյանի եւ Վաշինգտոնի Եվրասիական հետազոտությունների եւ վերլուծության ինստիտուտի գործադիր տնօրեն Արմեն Սահակյանի՝ ամերիկյան խորհրդարանական «The Hill» պարբերականում հրապարակված հոդվածը:
2003 թվականին հանգուցյալ հորից՝ Հեյդար Ալիեւից ժառանգելով երկրի կառավարումը, ադրբեջանական բռնապետ Իլհամ Ալիեւը փորձում է Արեւմուտքի համար իր երկիրը ներկայացնել որպես էներգիայի հուսալի արտադրող եւ ահաբեկչության դեմ պայքարի գործընկեր: Միաժամանակ, նա ձգտում է արագ ռազմականացման, հայատյացություն է սերմանում եւ ամրապնդում է ուժի ռեժիմը:
ԱՄՆ կառավարությունն ամեն տարի հրաժարվում է կատարել Ազատության աջակցության մասին ակտի 907-րդ ուղղումը, որը չի թույլատրում Ադրբեջանի կառավարությանն ուղղակի օգնություն տրամադրել: Սակայն Արեւմուտքը սեպտեմբերի 11-ից հետո աչք է փակում Ադրբեջանի հակաժողովրդավարական եւ շովինիստական բնույթի վրա երկու պատճառներով. աշխարհագրության եւ էներգիայի: Կովկասի տարածաշրջանում տեղակայված Ադրբեջանը Ռուսաստանի եւ Իրանի սահմանակիցն է. երկու երկրներ, որոնց հետ Արեւմուտքը, հատկապես՝ ԱՄՆ-ն, ավանդաբար լարված եւ նույնիսկ թշնամական հարաբերություններ ունի:
Բազմաթիվ տարիներ լուրեր էին պտտվում այն մասին, որ Ադրբեջանն իր տարածքը հասանելի է դարձրել ԱՄՆ հետախուզության համար, որպեսզի այնտեղից այդ երկիրը կարողանա որոշ գործողություններ իրականացնել Իրանի եւ Ռուսաստանի դեմ: Բացի այդ, Ադրբեջանն այլընտրանքային տարանցիկ ուղի տրամադրեց Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի փոխադրման համար: Նման լուրերն այնքան էլ անհիմն չեն, եթե հաշվի առնենք, որ նախկինում՝ մինչեւ սեպտեմբերի 11-ը, Ադրբեջանի տարածքում «Ալ Քաիդա»-ի մարզումների ճամբար կար, իսկ ղարաբաղյան պատերազմի ժամանակ աֆղանստանցի եւ չեչեն մոջահեդներին օգտագործում էր Արցախի Հանրապետության դեմ:
2010-2011 թվականներին Ադրբեջանը նավթի արդյունահանման գագաթնակետին հասավ, բայց այդ ժամանակից ի վեր դրա ծավալները նվազում են, ինչն Ալիեւ-կրտսերի բացահայտ հիասթափությունն է առաջացնում: Նավթի արդյունահանման ծավալների նվազմանը զուգահեռ, 2014 թվականին ավարտվեց Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի առաքելությունը, ինչպես նաեւ նկատվեց Իրանի հետ որոշակի մերձեցում: Այս ամենն ավելի նվազեցրեց Ադրբեջանի աշխարհաքաղաքական արժեքը: 2014 թվականին նաեւ նկատվեց ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության եւ իրավապաշտպանների նկատմամբ ճնշում: Այսօր շուրջ 100 քաղբանտարկյալներ կան Ադրբեջանում ու եւս հազարն իրենց ընդդիմադիր հայացքների համար վախենում են նման ճակատագրից:
Արեւմուտքի շահերից է բխում՝ իր ազդեցությունն ու լծակներն օգտագործել Ալիեւի ռեժիմի հանդեպ՝ խաղաղության հասնելու, բոլոր քաղբանտարկյալներին ազատելու եւ ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու համար: Հրաժարումը պետք է հանգեցնի պատժամիջոցների, ինչպիսիք են, օրինակ, ակտիվների սառեցումը, ուղեւորությունների արգելքը եւ Ադրբեջանում Արեւմուտքի կողմից ֆինանսավորվող ծրագրերի դադարեցումը:



























