Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին ժամանել է Թբիլիսի: Նրա այցի նպատակն է հանդիպումներ անցկացնել Վրաստանի քաղաքական շրջանակների հետ եւ ծանոթանալ Աբխազիայի ու Հարավային Օսիայի վերաբերյալ պետական ռազմավարության հետ:

«Թբիլիսիում քննարկելու ենք օկուպացված տարածքների հետ կապված քայլերի ռազմավարությունը, ինչը շատ կարեւոր է Վրաստանի, նաեւ ողջ տարածաշրջանի եւ այլ կոնֆլիկտային գոտիների համար»,- ասել է Սեմնեբին, հաղորդում է «Գրուզիա-Online»-ը:

Նա ասել է, թե այցի ընթացքում մասնակցելու է «Վրաստանի եվրոպական ուղի» խորհրդաժողովին, որը կայանալու է Բաթումում՝ եվրաինտեգրման հարցերով պետնախարարի աշխատակազմի աջակցությամբ:

Պիտեր Սեմնեբին կայցելի նաեւ Աբխազիա, որտեղ մտադիր է քննարկել հակամարտության կարգավորման հարցերն ու ԵՄ-ի դերը:

«Ես Աբխազիայում հետաքրքիր եւ առարկայական հանդիպումներ եմ ակնկալում հանրապետության ղեկավարության հետ»,- ասել է նա: