Հատկապես վերջին շաբաթում ադրբեջանցի հաքերները հայկական որոշ կայքերի վրա զանգվածային հարձակում են իրականացնում։ Ադրբեջանական հաքերների դեմ պայքարելու եւ հայկական կայքերի անվտանգությունը բարձրացնելու համար ստեղծվել է հայկական կայքերի անվտանգության խումբ, որի մեջ դեռեւս ներգրաված են 72 հոգի։

Ստեղծված անվտանգության խմբի եւ ոլորտում տիրող ընդհանուր իրավիճակի մասին այսօր լրագրողների հետ խոսեց Smart Systems ընկերության տնօրեն Ստեփան Ասլանյանը։

Ասլանյանն ասում է, որ հայկական կայքերի անվտանգության խմբի առաջին քայլը լինլու է չափանիշների ցանկ կազմելը, որին պետք է համապատասխանեն ստեղծված եւ ստեղծվելիք կայքերը՝ դրանք ավելի անվտանգ դարձնելու համար։

«Հայկական կայքեր կան, որ նույնիսկ 3 տարեկան երեխան էլ կարող է ջարդել»,- ասում է Smart Systems-ի տնօրենը։

Ջարդված կայքերը վերականգնել կարող են հենց կայք գրողները, որոնց մոտ են լինում գաղտնաբառերը, բայց ինչպես Ասլանյանն ասաց, նրանք հիմա հանգստանում են Անթալիայում։

Նշենք, որ Էկոնոմիկայի նախարարության կայքը ջարդել են ուրբաթ օրը, սակայն մինչ օրս դեռ չի վերականգնվել։

Ասլանյանի տվյալներով՝ հարձակման ենթարկված հայկական կայքերի քանակը անցնում է 100-ից։