Հուլիսի 1-ից «Լեհական ավիաուղիները» չվերթներ է իրականացնում Երեւան- Վարշավա- Երեւան ուղղությամբ։ Ընկերության փոխտնօրեն Լեշեկ Նարովսկին այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց, որ երեւանյան ուղղությունը մաս է կազմում դեպի Արեւելք ընդարձակման ծրագրի։ Այս տարի գործարկել են դեպի Կալինինգրադ, Բեյրութ, Տալլին, Երեւան չվերթները, հաջորդը նախատեսում են Թբիլիսի, Կահիրե, Դամասկոս, Հանոյ ուղղություններով։ Ընկերության ներկայացուցիչները հույս ունեն, որ Վարշավան հայաստանցիների կողմից կօգտագործվի նաեւ որպես տարանցիկ կետ՝ դեպի Եվրոպա եւ ԱՄՆ ուղեւորվելու համար։
Երեւան-Վարշավա չվերթի տոմսը կարժենա 200-250 եվրո՝ կախված նրանից, թե երբ է այն ձեռքբերվում։ Այսինքն՝ ավելի վաղ գնելու դեպքում տոմսն ավելի էժան կլինի։ Նարովսկու խոսքերով՝ «Լեհական ավիաուղիներում» չեն ուզում թռչել դատարկ բազկաթոռներով, այդ պատճառով սահմանել են չափավոր սակագներ։ «Մենք պետք է երաշխիք ունենանք, որ սակագինը արդարացի է։ Ավելի լավ է տոմսն արժենա 200 եվրո, բայց թռչեն 20 հոգի, քան 600 եվրո, բայց թռչեն երկուսը։ Մեր ինքնաթիռները միշտ լիքն են լինում»,- ասաց Նարովսկին։
«Լեհական ավիաուղիների» տոմսերը Երեւանում վաճառվում են ճամփորդական գործակալությունների միջոցով։ Հիմնական գործընկերը Pol Airtour գործակալությունն է։ Տնօրեն Գայանե Տիգրանյանի տեղեկացմամբ՝ չվերթները կիրականացվեն «Բոինգ» եւ «Էմբրայեր 75» ինքնաթիռներով։ Վերջինս նոր սերնդի ինքնաթիռ է, որը ըստ Տիգրանյանի, իրեն արդարացրել է եվրոպական շուկայում, նախատեսված է մինչեւ 75 ուղեւորի համար։
«Լեհական ավիաուղիները» Եվրոպայի հնագույն ավիաընկերություններից է՝ հիմնադրվել է 1929 թ.։ Ամսական իրականացնում է 6000 թռիչք, ունի ավելի քան 4 մլն ուղեւոր, շրջանառությունը՝ տարեկան 1 մլրդ դոլար։




























