«Ակնկալում եմ, որ դատարանը արդարացման դատավճիռ կարձակի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման ցանկություն հայտնեց  փաստաբան Մելանյա Առուստամյանը՝ անդրադառնալով Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանի եւ Սարգիս Գեւորգյանի գործով  դատավարությանը, որի առաջին նիստը տեղի կունենա  վաղը՝ հուլիսի 15-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Հարցին, թե նկատի ունենալով այն հանգամանքը, որ դատավորը Մնացական Մարտիրոսյանն է, կարելի՞  է ակնկալել նման դատավճիռ՝ փաստաբանն արձագանքեց. «Ես այսօր Մնացական Մարտիրոսյանի մասին ոչ մի բան չեմ կարող ասել, որովհետեւ նա դատական քննություն նշանակելու որոշմամբ՝ ազատ արձակելով Դավիթ Քիրամիջյանին, համենայնդեպս օբյեկտիվ գտնվեց այն բոլոր դատավորների համեմատ, ովքեր Դավիթի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել էին  կալանավորումը: Սա ինձ ինչ-որ հույս ներշնչում է՝ արդար դատաքննության առումով»,-նշեց Առուստամյանը: Նա միաժամանակ հիմնավոր չի համարում իր պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքը եւ պնդում է, որ դատարանը պետք է արդարացման դատավճիռ արձակի:  

NEWS.am-ը դատական նիստից առաջ զրուցել է նաեւ Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի հետ: Նրանք երկուսն էլ պնդեցին, որ իրենց դեմ հարուցված գործը բացառապես շինծու է: «Մենք պնդելու ենք ու փորձելու ենք հասնել նրան, որ իրական մեղավորները, ովքեր ոստիկաններ ու քաղաքացիական հագուստով անհայտ անձինք են, պատժվեն: Հենց այդ անձինք են հարձակվել մեզ վրա ու բռնություն գործադրել մեր հանդեպ»,-նշեց Սարգիս Գեւորգյանը: Նա նշեց, որ բոլոր այդ ոստիկաններին ճանաչում է եւ թվեց նրանցից մի քանիսի անունները, ովքեր ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկաններ են: Մասնավորապես՝ Խաչիկ Հովակիմյան՝ ՊՊԾ հատուկ գումարտակի երրորդ բաժնի հրամանատար, Վարդան Գեւորգյան՝ ՊՊԾ «Մուսալեռ» ջոկատի հրամանատար, ՊՊԾ աշխատակից Մայիս Մելքումյան, ինչպես նաեւ ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպյան, Երեւանի ոստիկանապետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյան: Սարգիս Գեւորգյանը նշեց նաեւ, որ գործով տուժող ճանաչված ՊՊԾ գնդի ոստիկան Արկադի Բաղդասարյանը իրականում ոչ թե տուժող է, այլ ինքն է հարձակվել ցուցարարների վրա ու հարվածել նրանց, ինչի վերաբերյալ կա համապատասխան տեսագրություն:   

Նշենք, որ ըստ քր. գործի՝ 2010թ. մայիսի 31-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Դ. Քիրամիջյանը Երեւան քաղաքի Մարտիրոս Սարյանի արձանին հարող տարածքում վիճաբանել է պատահական անցորդ Վարազդատ Թադեւոսյանի հետ, բռնություն գործադրել նրա նկատմամբ` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին։ Դ. Քիրամիջյանի եւ մյուսների խուլիգանական գործողությունները կասեցվել են ՊՊԾ գնդի ջոկի հրամանատար Ա. Բաղդասարյանի եւ ոստիկանության մյուս աշխատակիցների միջամտության արդյունքում։ Կատարած իրավախախտման համար ոստիկանների կողմից Դ. Քիրամիջյանին բերման ենթարկելիս քաղաքացի Ս. Գեւորգյանը կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, իր ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկան Ա. Բաղդասարյանի նկատմամբ, այն է`քաշքշել է նրան եւ պոկել ուսադիրը»։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Դ. Քիրամիջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն), իսկ Ս. Գեւորգյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ դիմադրություն)»: