Լոնդոնի համալսարանի քոլեջում (UCL) սոցիոլոգիական հարցում է անցկացվել 40 տարեկան 9 հազար բրիտանացիների շրջանում: Տղամարդկանց ու կանանց հարցեր են ուղղել կապված հավատի եւ Աստծո հետ:
Մասնագետները նշում են, որ կանայք երկու անգամ ավելի շատ են հայտարարել Աստծո եւ հանդերձյալ կյանքի նկատմամբ իրենց հավատի մասին: Հարցման արդյունքների համաձայն, հարցված կանանց 60 եւ տղամարդկանց 35 տոկոսը նշել են, որ հավատում են հանդերձյալ կյանքին: Աստծուն հավատում է տղամարդկանց 45 եւ կանանց 66 տոկոսը, հաղորդում է Informing-ը:
Հարցվածների մոտ կեսը հայտարարել է, որ այս կամ այն կրոնական հոսանքի հետեւորդ չեն: Հետաքրքիր է այն փաստը, որ իրեն հավատացյալ համարող ավետարանականների 71 տոկոսը չի կասկածում, որ Աստված գոյություն ունի: Կաթոլիկների շարքում անվերապահորեն Աստծուն հավատում է 31 տոկոսը, իսկ անգլիկան եկեղեցու հետեւորդների մեջ այդ ցուցանիշը 16 տոկոս է:
Աստծո եւ հանդերձյալ կյանքի նկատմամբ հավատի առավել բարձր մակարդակ նկատվել է մահմեդականների շրջանում: Նրանց 88 տոկոսը ոչ մի կասկած չունի, որ Աստված գոյություն ունի:




























