Մտացածին մեղադրանքով կալանավորված ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայլովային պատժախուց են գցել: Այս մասին Turan-ին հայտնել է փաստաբան Յալչին Իմանովը, ով հունվարի 21-ին այցելել է Լրագրողին:
Պարզվում է՝ նախորդ հինգշաբթի Իսմայլովային 1 օրով պատժախուց են գցել, որի պատճառ է հանդիսացել մամուլում նրա վերջին հրապարակումը: Իսմայլովային հարցրել են, թե ինչ եղանակով է հոդված փոխանցել մամուլին, նա պատասխանել է՝ «տելեպատիայի օգնությամբ»: Դրանից հետո նրան պատժախուց են տարել: Ավելին, նրա խցում խուզարկություն է անցկացվել եւ առգրավվել բոլոր նշումները: Փաստաբանն այս գործողություններն անօրինական է համարում:
Ըստ նրա՝ կալանավորին պատժախուց կարող են տանել միայն կարգուկանոնը խախտելու համար: Մամուլում հայտնված հոդվածը խախտում չէր: Կալանավորներն ու դատապարտյալները ունեն խոսքի ազատության եւ մամուլում տպագրվելու իրավունք:
Պաշտպանը նաեւ մատնանշել է պաշտպանյալի հետ իր շփման գաղտնիության խախտումը, քանի որ հանդիպումները փաստացի կատարվում են բանտի աշխատակիցների ներկայությամբ:




























