Վերջին 25 տարիների ընթացքում Աֆրիկայում մոլեգնող Էբոլայի տենդի պատճառով մարդանման կապիկների թիվը մեկ երրորդով կրճատվել է: Գիտնականներն ահազանգ են հնչեցնում եւ լրջորեն մտորում են պրիմատների զանգվածային պատվաստման մասին: Կապիկներին այդ հիվանդությունից փրկող դեղամիջոցը վաղուց են հայտնաբերել:
Ըստ Daily Mail-ի, Էբոլա տենդից գորիլաների մահացության թիվը հասնում է 95%-ի, շիմպանզեներինը՝ 77%-ի: Այդ պատճառով այդ հիվանդության բռնկումները սպառնում են այդ կենդանատեսակներին:
Միայն 1995 թվականին մահացել է Գաբոնի հյուսիսային Մինկեբե արգելանոցում բնակվող կապիկների 90%-ը: Եվս հինգ հազար կենդանիներ մահացել են 2002-2003 թվականներին, երբ Էբոլայի վիրուսը տարածվել է Կոնգոյում:
Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի մասնագետների հաշվարկներով, աշխարհում շուրջ 100 հազար գորիլա է մնացել: Այդ պատճառով Էբոլայի տենդի յուրաքանչյուր բռնկում վտանգում է այդ տեսակի գոյությունը:




























