Հայաստանն իր դավանած արժեքներով ու ձգտումներով Եվրոպայի անբաժան մաս է կազմում: Եվրոպայի հետ ընդհանրությունը պայմանավորված է ոչ միայն պատմական, լեզվամշակութային եւ գաղափարական գործոններով, այլեւ եվրոպական երկրներում ապրող բազմաթիվ հայ համայնքների առկայությամբ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստում:

«Եվրամիության երկրների եւ Հայաստանի հասարակությունների միջեւ անմիջական շփումներն իրական գործընկերային հարաբերությունների հաստատման լավ նախադրյալներ կարող են ստեղծել տարբեր ոլորտներում: Այս առումով Հայաստանը  կարեւորում է իր երկրի քաղաքացիների համար Եվրամիության մուտքի արտոնագրերի տրամադրման պարզեցմանն ուղղված գործընթացը»,- նշել է Աբրահամյանը եւ հավելել, որ  Հայաստանի անկախացումից ի վեր Եվրոպական ուղղությունը եւ Եվրամիության հետ մերձեցումը մշտապես եղել են մեր երկրի արտաքին եւ ներքին քաղաքականության գերակայություններից: «Հայաստանն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում իր հարաբերությունների զարգացմանն ինչպես Եվրոպական կառույցների, այնպես էլ եվրոպական երկրների հետ` երկկողմ հիմունքներով»,- արձանագրել է ԱԺ նախագահը:

Ըստ Աբրահամյանի՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները ներկայումս գտնվում են դինամիկ զարգացման փուլում: «Ներքաղաքական բարեփոխումների իրականացման առումով Հայաստանն առաջիններից էր, որ նախաձեռնեց խորհրդատվական աջակցություն ստանալու գաղափարը, համաձայն որի Հայաստանի պետական մարմիններում, այդ թվում նաեւ Ազգային ժողովում, համակարգված բարեփոխումների առաջարկներ ներկայացնելու նպատակով 2009 թ. սկզբից, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության անդամ այլ երկրներում, գործում է Եվրամիության խորհրդատուների խումբ»,- նշել է Աբրահամյանը:

Նա նաեւ իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի  մեկնարկի կապակցությամբ, որը նախատեսված է հուլիսի 19-ին Երեւանում: «Այն նոր հեռանկարներ է բացելու Եվրամիության հետ առաջիկայում առավել ընդգրկուն համագործակցություն նախատեսող պայմանագրային հարաբերություններ հաստատելու առումով, ներառյալ ազատ առեւտրի գոտու ստեղծման հնարավորությունը»,- նշել է ԱԺ նախագահն ու արձանագրել, որ Հայաստան Եվրամիություն ասոցացման համաձայնագիրը հերթական, սովորական պայմանագիր չէ. «Այն խորհրդանշում է համագործակցության զարգացման որակական նոր փուլ, հարաբերությունների խորացման նոր հանգրվան»: