Բրիտանական Argos առեւտրային ցանցին մեղադրել են ռասիզմի մեջ, քանի որ տարբեր մաշկի գույն ունեցող տիկնիկները վաճառվում են տարբեր գներով: Սպիտակամաշկ աղջիկ-տիկնիկը 15 դոլարով ավելի թանկ է եղել, քան աֆրիկուհու պատկերով տիկնիկը:
Գնորդները նկատել են, որ online-խանութը եվրոպական արտաքինով «Մարիա» տիկնիկը վաճառում է 35 ֆունտով (մոտ 53 դոլար), իսկ սեւամորթ «Նաիմա» անունով տիկնիկը, եւ ասիական արտաքինով «Յանգը»՝ 25 ֆունտով (մոտ 38 դոլար):
Գնորդներից մեկը՝ Լիզա Օ'Ռայլին բողոք է ներկայացրել Argos-ին, որտեղ նման գնային քաղաքականությունն անընդունելի է համարել:
«Անթույլատրելի է, որ երեխաները համարեն, որ սպիտակն ավելի լավն է ու ցանկալի»,-հայտարարել է կինը, հաղորդում է The Daily Mail-ը:
Դրանից հետո առեւտրային ցանցը O'Ռայլիին պատասխան նամակ է ուղարկել, որտեղ ներողություն է խնդրել եւ հավաստիացրել, որ Argos-ը երբեք մտադիր չի եղել առաջ բերել իր հաճախորդների դժգոհությունը:
Ավելի ուշ խանութի ներկայացուցիչը հայտարարել է, որ խաղալիքները տարբեր գներ են ունեցել տեխնիկական սխալի պատճառով:




























