Ֆիլիպինների կառավարությունը Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցի ժամանակ 490 մուրացկանների եւ անտունների տեղավորել է Մանիլայից ոչ հեռու գտնվող էլիտար հանգստավայրում: Երկրի սոցիալական ապահովության նախարար Կորազոն Սոլիմանը խոստովանել է այդ փաստը:

Ֆիլիպինների Ներկայացուցիչների պալատի անդամ Թերրի Ռիդոնը փաստի առիթով խորհրդարանական հետաքննություն է նախաձեռնել:

Սոլիմանը հայտարարել է, որ անտուններին Մանիլայից դուրս են բերել ոչ թե Պապին խաբելու, այլ նրանց սեփական անվտանգության համար, քանի որ այդ շրջանում նրանք կարող էին «խտրականության զոհ դառնալ»: Միաժամանակ, նա չի հստակեցրել, թե այդ սպառնալիքներն ինչու են ի հայտ եկել հատկապես Հռոմի պապի այցի ժամանակ:

Ըստ The Guardian-ի, Հռոմի պապը Ֆիլիպիններ է այցելել իր ասիական շրջագայության շրջանակում, որը տեւել է հունվարի 12-19-ը: Մանիլայի փողոցներում Պապի քարոզին հետեւելու համար շուրջ 6 մլն մարդ էր հավաքվել: