Ալիեւի ռազմատենչ հայտարարություններն ընդամենը քաղաքական հռետորաբանություն են: Հուլիսի 14-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով, Ադրբեջանը շատ ավելի բարդ իրավիճակում է, քան փորձում են ներկայացնել:
«Ադրբեջանը գիտակցում է, որ չի կարող պատերազմ սանձազերծել: Ռազմատենչ հայտարարություններն ու փոխհրաձգությունների հաճախակիացումը հստակ դինամիկա ունի: Հենց որեւէ զգալի իրադարձություն, օրինակ՝ Սանկտ-Պետերբուրգի հանդիպումն, է տեղի ունենում, Ադրբեջանն անմիջապես արձագանքում է իրեն բնորոշ կերպով»,- ընդգծել է Իսկանդարյանը:
Քաղաքագետի կարծիքով, դա չի կարելի գնահատել որպես պատերազմական գործողություններ սկսելու լուրջ սպառնալիք: «Ադրբեջանն այն վիճակում չէ, որ կարող է իրեն թույլ տալ պատերազմ սկսել»,- ասել է փորձագետը՝ միաժամանակ հավելելով, որ իր ամենաօրյա դարձած ելույթներում Իլհամ Ալիեւը մշտապես «մոռանում» է որոշ կարեւորագույն կետեր: «Ալիեւը մոռացել է, օրինակ, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի մասին»,- նկատել է Իսկանդարյանը:
«Կարեւոր է հասկանալ, որ Ալիեւի ներքին դիրքորոշումը տարբերվում է արտաքինից, հանրայինը՝ ոչ հանրայինից եւ այդպես շարունակ»,- հավաստիացրել է Կովկասի ինստիտուտի տնօրենը:



























