Ադրբեջանում անվանակոչության նոր մեխանիզմ է կիրառվելու: Արդարադատության նախարարության խորհրդով Գիտությունների ազգային  ակադեմիայի հանձնաժողովը հետազոտելու է երկրի բնակիչների անունների նշանակությունը: Անունների ցանկը ներկայացվելու է արդարադատության նախարարությանը, հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը:

«Լուսաֆորի» սկզբունքով՝ անունները, որոնք համապատասխանում են Ադրբեջանի ազգային, մշակութային եւ գաղափարական արժեքներին, կարող են դրվել առանց սահմանակափակման եւ ընդգրկվելու են կանաչ  ցանկում:

Երկրորդ խումբը «դեղին ցանկն է», որում լինելու են ոչ ցանկալի, ծիծաղելի, անբարեհունչ անունները:

Երրորդ խումբը «Կարմիրն» է, որտեղ ընդգրկված անունները ենթակա չեն օգտագործման: Այդ ցանկում են լինելու ադրբեջանցի ժողովրդի դեմ ագրեսիա ցուցաբերած անձանց անունները, նաեւ այնպիսիները, որոնք ադրբեջաներենում վիրավորական նշանակություն ունեն:

Նոր մեխանիզմի կիրառումը սկսվելու է այս տարվա վերջից:

Նշենք, որ Ադրբեջանում արդեն սկսվել է ազգանունները ադրբեջանացնելու գործընթաց: Առավել հարգանքի են արժանանում «բեյլի» վերջածանցով ազգանունները: