Սիրիայի ժողովուրդը մերժեց ահաբեկիչներին եւ սատարեց  կառավարությանն ու բանակին: Այս մասին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ասել է ամերիկյան «Foreign Affairs» ամսագրի հետ զրույցում:

Ըստ նրա՝ ամեն անգամ, երբ սիրիական բանակը ցանկանում էր մտնել որոշակի շրջան, այն հասնում էր դրան, փոխանցում է պետական միջազգային «Դամասկոս» ռադիոկայանը: Բայց բանակը չի կարող ներկա լինել  յուրաքանչյուր կիլոմետրին, դա հնարավոր չէ»,- հավելել է Ասադը:

«Վերջին երկու տարիներին մենք որոշակի առաջընթացի ենք հասել: Սակայն եթե հարցնեք, թե արդյոք այդ պատերազմը լավ է ընթանում, ես կպատասխանեմ, որ բոլոր պատերազմներն էլ կորուստների եւ ավերածությունների են հանգեցնում», - ասել է Սիրիայի նախագահը: Սիրիայի նկատմամբ Իսրայելի իրական նպատակների վերաբերյալ հարցին Ասադը պատասխանել է.  «Նրանք աջակցում են Սիրիայի զինված խմբավորումներին, դա բոլորն են հասկանում: Ամեն անգամ, երբ մենք որեւէ տեղ հաջողության ենք հասնում, իսրայելցիները հարձակում են գործում Սիրիայի բանակի գործունեության  արդյունավետության վրա ազդելու համար: Դա հասկանալի է, այդ պատճառով էլ որոշ սիրիացիներ կատակով ասում են. «Ինչպե՞ս թե «Ալ Կաիդան» օդուժ չունի: Չէ՞ որ նա ունի Իսրայելի ՌՕՈՒ-ն»: