ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավարն առաջարկել է հայ-ադրբեջանական բաց բանավեճ անցկացնել Իտալիայում կայանալիք աշնանային նստաշրջանի ընթացքում: Այդ մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է հայկական պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը՝ ամփոփելով Օսլոյում հուլիսի 4-ից 10-ը կայացած ամառային նստաշրջանի արդյունքները:
Ընդ որում, նա ընդգծել է, թե հայկական պատվիրակությունը չի վախենում բանավեճերից: «Բայց մեր քայլերը պետք է համահունչ լինեն պաշտոնական դիվանագիտության քայլերին»,- նկատել է նա: Իր հերթին հայկական պատվիրակության անդամ, «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ Խաչիկ Հարությունյանը, գնահատելով ադրբեջանական պատվիրակության աշխատանքը ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանում, ընդգծել է, թե այն լիովին ձախողվել է: Զուր են անցել պատվիրակության փորձերը՝ բարձրացնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցերը: «Այդ խոսակցություններն անպատասխան մնացին եվրոպական խորհրդարանականների կողմից»,- նկատել է պատգամավորը՝ ադրբեջանական պատվիրակության վիճակը գնահատելով որպես «չոփից կախվող խեղդվողի վիճակ»:



























