«Հուլիսի 6-10-ը Օսլոյում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում Ադրբեջանի փորձերը նորից բարձրացնել փախստականների հարցը ընդհատել է Ղարաբաղի հարցով զեկուցող Գորան Լենմարկերը»,- հուլիսի 14-ին՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության նախագահ Արամ Սաֆարյանը:
«Փախստականներ ունեն նաեւ հայերը, կտրուկ եւ լակոնիկ նշեց Լենմարկերը՝ ի պատասխան ադրբեջանական պատվիրակության փորձերին՝ հերթական անգամ բարձրացնելու իրենց փախստականների հարցը»,- նշեց Սաֆարյանը:
Նա նաեւ ասաց, որ ադրբեջանական պատվիրակությունը ձախողվել է իր «Համաշխարհային էներգետիկ անվտանգություն ապահովելու համար մասնակից պետությունների պատասխանատվության մասին» բանաձեւ ընդունելու նախաձեռնության մեջ: «Ադրբեջանական պատվիրակության ոչ մի առաջարկ չի ներառվել փաստաթղթի մեջ, փոխարենը՝ հայկական պատվիրակության բոլոր առաջարկները տեղ են գտել բանաձեւի մեջ»,- հայտարարեց Սաֆարյանը:
Անդրադառնալով ղարաբաղյան հարցին՝ պատգամավորն ասաց, որ Ադրբեջանը սաբոտաժի է ենթարկում հայկական կողմին, որպեսզի դրդի նրան ավելի խստացնելու իր դիրքորոշումը բանակցային գործընթացում: «Դա հարմար առիթ կլինի Ադրբեջանի համար՝ հրաժարվելու մադրիդյան սկզբունքներից: Այսինքն՝ ներկայումս ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում նյարդերի խաղ է գնում»,- նշեց Սաֆարյանը:



























