Սպասվում է, որ Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլզը Երեւան կժամանի փետրվարի կեսերին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քլարք Փրայսը:
Նրա խոսքով, դեսպանի ժամանման հստակ օրը դեռեւս հայտնի չէ, սակայն սպասվում է, որ նա կժամանի փետրվարին: «Հույս ունեմ, որ այս տարին հաջող կլինի հայ-ամերիկյան հարաբերությունների համար: Նոր դեսպանը Հայաստանի հարցով աշխատանքի փորձ ունի: Նա աշխատել է առաջին բաժնում, որը Խորհրդային միության փլուզումից անմիջապես հետո սկսել է զբաղվել Հայաստանի հարցերով: Նա Հայաստանն արդեն 20-25 տարի գիտի»,- նշեց Փրայսը:
ԱՄՆ դիվանագիտության ներկայացուցչի խոսքով, Ռիչարդ Միլզը հետաքրքրված է նաեւ տնտեսական համագործակցությամբ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին ԱՄՆ Սենատը Հայաստանում իր դեսպանի պաշտոնում հաստատեց Ռիչարդ Միլզի թեկնածությունը:
Միլզը զբաղեցրել է Բեյրութում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը: Ավելի վաղ նաեւ եղել է նաեւ Մալթայում ԱՄՆ դեսպանության գործերի հավատարմատարը: Ռիչարդ Միլզն աշխատել է Փարիզում, Դուբլինում, Լոնդոնում, Բաղդադում, Իսլամաբադում: Ըստ «Asbarez»-ի, Միլզը տիրապետում է ֆրանսերենին եւ ռուսերենին:




























