Մոսկվայի քաղաքային դատարանը օրինական է ճանաչել մինչեւ փետրվարի 14-ը «Իվ Ռոշեի» գործով անցնող  Ալեքսեյ Նավալնու կալանքը երկարացնելու որոշումը,  հայտնում է ՏԱՍՍ-ը: Այդպիսով, պաշտպանության բողոքը չի բավարարվել:

2014թ. դեկտեմբերի 30-ին Ալեքսեյ եւ Օլեգ Նավալնիները մեղավոր էին ճանաչվել «Մեքենայություն գործարարական գործունեության ոլորտում» հոդվածով:  Նրանց մեղադրել էին «Իվ Ռոշեից» 26 մլն ռուբլի եւս ավելի քան չորս միլիոն ռուբլի էլ այլ ընկերությունից յուրացնելու, ինչպես նաեւ յուրացումների մի մասն օրինականացնելու մեջ: 

Ալեքսեյ Նավալնին 3,5 տարվա պայմանական ժամկետի էր դատապարտվել, նրա եղբայր Օլեգը՝ 3,5 տարվա գաղութի:

Դատարանը Ալեքսեյի խափանման միջոցը երկարացրել էր մինչեւ դեկտեմբերի կեսերը: Ավելի վաղ տնային կալանքի ժամկետը լրանում էր հունվարի 14-ին:

Նավալնիների պաշտպանությունը բողոքարկել էր դատավճիռը՝ պահանջելով արդարացնել նրան: Բողոքարկում  էր ներկայացրել նաեւ դատախազությունը: Մեղադրող կողմը դատավճիռը խիստ մեղմ է համարում: Այսպիսով, դատարանի վճիռը առայժմ օրինական ուժ չի ստացել:

Սա ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու համար երկրորդ պայմանական ժամկետն է: 2013թ. նա հինգ տարվա պայմանական ժամկետ էր ստացել «Կիրովլեսի» գործով: Նրան մեղավոր են ճանաչել 10 հազար քմ-ից ավելի անտառային արտադրանքի յուրացման մեջ: