Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի «Քորինթիա» հյուրանոցի վրա ԻՊ-ին հավատարիմ գրոհայինների հարձակման հետեւանքով զոհվել է 11 մարդ:
Afrigatenews-ը փոխանցել է, որ սպանվածների շարքում կա հինգ օտարերկրացի եւ հյուրանոցի  պահակախմբի վեց անդամ: Ըստ ոստիկանության՝ զոհերի թվում կան ամերիկացի, ֆրանսիացի, երկու ֆիլիպինցի եւ Հարավային Կորեայի մեկ քաղաքացի: ԱՄՆ Պետդեպը հաստատել է  ամերիկացու մահը: Ենթադրվում է, որ  նա մասնավոր թիկնապահական ընկերության աշխատակից է եղել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հաստատում է ֆրանսիացու մահը եւ կոչ անում պատժել մեղավորներին, ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում, որը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:  
Հունվարի 27-ին Տրիպոլիի դիվանագիտական թաղամասում, որտեղ գտնվում են նաեւ մի շարք երկրների դեսպանություններ եւ ՄԱԿ-ի գրասենյակները, հզոր պայթյուն է տեղի ունեցել: Դրանից անմիջապես հետո Corinthia հյուրանոցի կայանատեղիում մեքենա պայթեցրած գրոհայինները  թաքնվել են հյուրանոցի շենքում եւ անկանոն կրակ բացել: Այնուհետեւ ահաբեկիչներից մեկը գործարկել է  իր մարմնին կցված պայթուցիկը:

Հարձակումը տեղի է ունեցել Ժնեւում միջլիբիական երկխոսության վերսկսման հաջորդ օրը, երբ որոշվել էր երկիրը դուրս բերել քաղաքացիական պատերազմի վիճակից:  
ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է ահաբեկչությունը եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու կոչ արել: ԱԽ անդամները ցավակցել են զոհվածների ընտանիքներին եւ  արագ ապաքինում մաղթել տուժածներին: