Լեռնային Ղարաբաղն իրավունքների եւ ազատությունների ինդեքսում առաջ է անցնում Ադրբեջանից, նշված է Freedom House կազմակերպության «Ազատությունն աշխարհում-2015» զեկույցում, որը հրապարակվել է այսօր, հայտնում է  NEWS.am –ի թղթակիցը Վաշինգտոնից։

Ըստ զեկույցի՝ Լեռնային Ղարաբաղը հինգ միավոր է ստացել (7 բալանոց սանդղակից, որտեղ 1-ը նշանակում է առավելագույն ազատություն, 7-ը՝ ազատության բացակայություն) քաղաքական իրավունքների մակարդակի համար եւ 5 միավոր՝ քաղաքացիական ազատությունների մակարդակի համար, այն դեպքում, երբ Ադրբեջանը երկուսի դեպքում էլ 6 միավոր է ստացել՝ մոտենալով ժողովրդավարական ազատությունների գրեթե լիակատար բացակայության ցուցանիշին։

Նշենք, ի համեմատ Ադրբեջանի, Հայաստանը զգալի լավ դիրքերում է եւ ներառվել է մասնակի ազատ երկրների խմբում՝ քաղաքական իրավունքների մակարդակի համար ստանալով 5 միավոր, քաղաքացիական ազատությունների մակարդակի համար՝ 4 միավոր։ Այսպիսով, Հայաստանը Վրաստանի եւ Թուրքիայի հետ ընդգրկվել է մասնակի ազատ երկրների եռյակում, որտեղ մնացած երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը, Իրանը եւ Ռուսաստանը անվանվել են անազատ երկրներ։

Ռուսաստանն իր բացասական միավորները ստացել է հիմնականում Ղրիմի բռնակցման, Դոնեցկին եւ Լուգանսկին սատարելու համար։ Թուրքիայում մարդու իրավունքների մակարդակի նվազումը պայմանավորված է Էրդողանի  գործողություններով, ով իր կաշառակեր ընկերներին թաքցրել էր իրավապահներից եւ ճնշումներ գործադրել մամուլի վրա։
Ինչ վերաբերում է Բաքվին, ապա ըստ զեկույցի հեղինակների, 2014 թ. Ադրբեջանը Հունգարիային զուգահեռ գրանցել է  աշխարհում ամենամեծ անկումը երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: