Ուկրաինան եվրամիության կողմից 15 միլիարդ դոլարի չափով ֆինանսական հրատապ օգնության կարիք  ունի։ Այս մասին ասված է ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսի եւ ֆրանսիացի փիլիսոփա, հրապարակախոս Բեռնար Անրի Լեւիի հոդվածում, որը հրապարակվել է  ամերիկյան New York Times թերթի էլեկտրոնային տարբերակում։

«Ուկրաինան ինքնուրույն է պաշտպանվելու, սակայն այն ֆինանսական հրատապ օգնության կարիք ունի: 15 մլրդ դոլարի անհրաժեշտություն կա», - ասվում է նյութում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հոդվածի հեղինակներն ընդգծում են, որ «Ուկրաինայի գոյատեւման ապահովման եւ մասնավոր ներդրումները խթանելու համար արեւմտյան պետությունները պետք է պարտավորվեն հավելյալ միջոցներ տրամադրել»:

Հունվարի սկզբին Սորոսը Financial Times-ի հետ հարցազրույցում պնդել էր, որ Ուկրաինայի տնտեսության կայունացման համար անհրաժեշտ է 50 մլրդ դոլար:  Ամերիկյան WorldNetDaily կայքն ավելի վաղ հայտնել էր, որ Սորոսը հարյուրավոր մլն դոլարներ է ներդրել Ուկրաինայում իրականացվող տարբեր նախագծերում, այդ թվում նաեւ միջոցներ է տրամադրել մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների: