Կառավարության ընդունելությունների տանն այսօր՝ հունվարի 29-ին, սկսվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստը, որը վարում է հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նիստը հրավիրված է ընդլայնված կազմով. պետական հանձնաժողովի անդամներից բացի, ներկա են տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչներ, փորձագետներ, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդներ: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ հրավերն ընդունելու եւ պետական հանձնաժողովի նիստին անձամբ ներկա գտնվելու համար՝ չափազանց կարեւորելով այսպիսի ձեւաչափով նիստի անցկացումը, որը, նրա խոսքով, թույլ է տալիս միասին արդյունավետորեն քննարկել համազգային նշանակության խնդիրներն ու միասնական որոշումների հանգել:

Սերժ Սարգսյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ այս օրերին կայացել են տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչների հանդիպումները միջոցառումների գլխավոր համակարգողի եւ պետական հանձնաժողովի այլ անդամների հետ, որոնց ընթացքում քննարկվել են աշխարհի տարբեր երկրներում ընթացող նախապատրաստական աշխատանքները: Նրանք շարունակելու են իրենց աշխատանքը նաեւ վաղը` քննարկելու համար ապրիլի 22-24-ի ծրագրերի համադրումն ու անելիքները:

Հանրապետության Նախագահն իր խոսքում անդրադարձել է մինչ այժմ պետական հանձնաժողովի կատարած աշխատանքներին եւ առաջիկա ծրագրերին, նիստի օրակարգի շրջանակներում քննարկման ներկայացվելիք կարեւորագույն հարցերին: Հանձնաժողովի անդամներն ըստ այդմ կքննարկեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի քաղաքական համատեքստը եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման հարցը, ոգեկոչման միջոցառումների, Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման իրավական պահանջների թղթածրարի մշակման աշխատանքների մասին հարցերը: Նիստի ընթացքում տեղի կունենա նաեւ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կայքէջի շնորհանդեսը:

Նշենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմում ընդգրկված են հետեւյալ անձինք

Սերժ Սարգսյան Հայաստանի նախագահ 
Բակո Սահակյան Լեռնային Ղարաբաղի նախագահ
Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոս 
Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս
Ներսես Պետրոս ԺԹ Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք 
Մկրտիչ Մելքոնյան Հայ ավետարանական եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ 
Հովիկ Աբրահամյան Ազգային ժողովի նախագահ 
Տիգրան Սարգսյան Հայաստանի վարչապետ
Գագիկ Հարությունյան Հայաստանի սահմանադրական դատարանի նախագահ 
Էդվարդ Նալբանդյան Հայաստանի արտաքին գործերի նախարար
Հրայր Թովմասյան Հայաստանի արդարադատության նախարար
Արմեն Աշոտյան Հայաստանի կրթության եւ գիտության նախարար
Հասմիկ Պողոսյան Հայաստանի մշակույթի նախարար
Հրանուշ Հակոբյան Հայաստանի սփյուռքի նախարար
Վաչե Գաբրիելյան Հայաստանի ֆինանսների նախարար
Վիգեն Սարգսյան Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Վազգեն Մանուկյան Հանրային խորհրդի նախագահ
Ռադիկ ՄարտիրոսյանՀայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ 
Կարեն Կարապետյան Երեւանի քաղաքապետ 
Ալեքսան Հարությունյան Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ 
Գագիկ Ծառուկյան«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ 
Արթուր Բաղդասարյան «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ 
Րաֆֆի Հովհաննիսյան «Ժառանգություն» կուսակցության նախագահ 
Հրանտ Մարգարյան Հայ Յեղափոխական Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ 
Կիրո Մանոյան Հայ Յեղափոխական Դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար 
Մայք Խարապյան Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ 
Հակոբ Ավետիքյան Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ 
Սեդրակ Աճեմյան Հնչակյան սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ 
Պերճ Սեդրակյան Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ 
Արա Աբրահամյան Ռուսաստանի հայերի միության նախագահ 
Հրայր Հովնանյան Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ 
Արամ Սիմոնյան Երեւանի պետական համալսարանի ռեկտոր 
Արա Սաղաթելյան «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն 
Հայկ Դեմոյան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն