Հայաստանյան իրավապահները իրական հանցագործների դեմ գործ հարուցելու փոխարեն, գործեր են հարուցում ճշմարտությունը ջրի երես հանողների դեմ: 2008թ. դեկտեմբերին Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում աշխատող մի խումբ երիտասարդ կամավորներ հրապարակել էին, որ հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Լեւոն Ավագյանը աշակերտուհիների նկատմամբ սեռական ոտնձգություններ է կատարում:
Էրեբունու տարածքային ոստիկանությունը հարուցեց քրեական գործ, բայց ոչ թե անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով, այլ ուսուցչին զրպարտելու մեղադրանքով: Ի դեպ, կամավորներն այդ գործում հանդես էին գալիս որպես վկա, բայց պարզվում է, որ ոստիկանները մտադիր են կամավորներին որպես մեղադրյալ ներգրավել այդ գործում, փոխանակ քննելու ուսուցչի վարքը: Մասնավորապես, կամավորներից Մարիամ Սուխուդյանին երեկ ծանուցագիր են հղել, որում նշված է. «ՀՀ Քրեական օրենսգրքի 135 հոդվածի 1-ին մասով, Դուք` որպես մեղադրյալ, ս.թ. օգոստոսի 15-ին, ժամը 15-ին հրավիրված եք հարցաքննության ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Էրեբունու քննչական բաժին»:
Մարիամ Սուխուդյանը NEWS.am-ին հայտնեց, որ օգոստոսի 15-ին գնալու եւ ներկայանալու է ոստիկանություն: Ավելի մանրամասն մեկնաբանություններ նա կտա քրեական գործին ծանոթանալուց հետո:



















