Հռոմի հրեական համայնքի ղեկավար Ռիկարդո Պաչիֆիչին, ինչպես նաեւ նկարահանող խմբի 4 անդամներին փակել են Աուշվից-Բիրկենաու պետական թանգարանում (Օսվենցիմում)։
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 27-ին՝ Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 70-ամյա տարելիցի օրը։ Պաչիֆիչին պայմանավորվել է թանգարանի տնօրեն Պյոտր Ցիվինսկու հետ, որ հեռուստալրագրողների հետ նկարահանումների համար միասին թանգարանում կմնա այն փակվելուց հետո, իսկ 23։30-ին նրանց ազատ կարձակեն պահակները։
Սակայն նկարահանումները նախատեսվածից ավելի շուտ են վերջացել, եւ երբ նրանք փորձել են դուրս գալ, պարզվել է, որ դարպասները փակ են։ Պատուհանից դուրս գալ նույնպես չի հաջողվել՝ միացել է ազդանշանը։ Ժամանել են անվտանգության ծառայության աշխատակիցները։ Օսվենցիմում փակվածները հրաժարվել են տրամադրել անձը հաստատող փաստաթղթեր, եւ նրանց ուղեկցել են ոստիկանական բաժին։ Մի քանի ժամ շարունակվող հարցաքննությունից հետո նրանք ազատ են արձակվել, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։





























