ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վախենում են կորցնել Ադրբեջանի վրա ազդեցության լծակները: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վերլուծաբան, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ մեկնաբանելով այն փաստը, որ առաջին անգամ ԵԱՀԿ Մինսկի խումբը մատնանշել է  հրադադարի ռեժիմի խախտման մեղավորին՝ Ադրբեջանին կոչ անելով հետեւել հրադադարի պահպանման շուրջ ստանձնած հանձնառություններին:

Ըստ վերլուծաբանի՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մտահոգված են ղարաբաղյան հիմնախնդրի գոտում իրավիճակի լարվածության սրացումից: «Դա Ռուսաստանին թույլ է տալիս շահարկել տարաձայնությունները՝ ԵԱՀԿ ՄԽ-ում բացասական դեր խաղալով Ադրբեջանի համար, սակայն  միաժամանակ հանդես գալով որպես լավ գործընկեր՝ Բաքվին զենք վաճառելով», - նշել է Կիրակոսյանը:

Հարցին, թե կարող են արդյոք հայտարարությունների շրջանակից դուրս քայլեր ձեռնարկվել, ինչպես օրինակ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, վերլուծաբանը պատասխանել է. «Ոչ, դեռ ոչ: Ռուսաստանը դա թույլ չի տա: Իսկ ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի համար հարցն այնքան էլ կարեւոր չէ, որպեսզի հետագա քայլերի համար անհրաժեշտ  ինչ-որ քաղաքական կապիտալ օգտագործեն»:

Անդրադառնալով  հարցին՝ կարելի է արդյոք միջնորդների հայտարարությունը աննախադեպ համարել Բաքվին հասցեագրված ուղերձի տեսանկյունից, Ռիչարդ Կիրակոսյանն ընդգծել է. «Այո, հենց այդպես, հայտարարությունում  մեսիջ կա՝ թաքնված դիվանագիտական տերմինաբանության տակ»:

Հիշեցնենք, որ Կրակովում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ավարտին համանախագահների տարածած հայտարարությունում մասնավորապես ասված է. «Բռնության աճը,  որը սկսվել է անցյալ տարվանից, պետք է դադարեցվի, վերականգնելու համար վստահությունը՝ ԼՂՀ խաղաղության գործընթացում աճ գրանցելու համար։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին։ Մենք կոչ ենք անում նաեւ հայկական կողմին՝  միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ: Բռնությունը ջնջում է հանուն խաղաղության գործադրվող ջանքերը»:

Այսպիսով, փաստորեն առաջին անգամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հրադադարի ռեժիմի խախտման պատասխանատու ուղղակիորեն անվանել են Ադրբեջանին: