Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Վյազմա քաղաքի բնակչուհի Սվետլանա Դավիդովայի դեմ քրեական գործ է հարուցվել, նա մեղադրվում է պետական դավաճանության մեջ:

ԱԴԾ տվյալներով, 2014-ի ապրիլին Դավիդովան ուշադրություն է դարձրել այն փաստի վրա, որ իրենց շենքի մոտ գտնվող զորամասը դատարկվել է:

Երթուղայինում կինը լսել է, թե ինչպես այդ զորամասի ծառայողներից մեկն իր զրուցակցին պատմում, որ իրենց փոքր խմբերով քաղաքացիական հագուստներով տեղափոխում են Մոսկվա, որից հետո ուղարկում են «գործուղման»: Դավիդովան որոշել է, որ խոսքը զինծառայողներին Դոնեցկ ուղարկելու մասին է:

Դրանից հետո կինը զանգահարել է Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատուն եւ պատմել այդ ամենի մասին, նշելով, որ ցանկանում է, որ զոհեր չլինեն:

Հունվարի 21-ին Դավիդովայի բնակարան են եկել ԱԴԾ աշխատակիցները եւ խուզարկություն անցկացրել, որի ժամանակ առգրավել են համակարգիչն ու նոթբուքը: Ներկայումս Դավիդովան կալանավորված է եւ գտնվում է «Լեֆորտովո» Մոսկվայի  մեկուսարանում: