Royal Dutch Shell ընկերության գործադիր տնօրեն Բեն վան Բերդենը կարծում է, որ «նավթի գները պետք է հասնեն երկարաժամկետ հավասարակշռության՝ 1 բարելը 90 դոլարի մակարդակի»: Այս մասին գրում է Business Insider-ը:

Ըստ որում, նա հստակեցրել է, որ ներկայում անհնար է հստակ ասել, թե գները երբ կվերադառնան իր նշած մակարդակին:

Հունվարի 29-ին, Երեւանի ժամանակով 18:55-ին նավթի Brent տեսակի գինը լոնդոնյան ICE բորսայում եղել է 49.15 դոլար՝ 1 բարելի դիմաց:

Ըստ Lenta.ru-ի, ավելի վաղ ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Աբդալլա ալ-Բադրին կարծիք էր հայտնել, որ նավթի գինը հասել է ամենացածր մակարդակին եւ շուտով կսկսի աճել: Նա նշել է, որ ոլորտում ներդրումների կրճատման դեպքում նավթի մեկ բարելի գինը կարող է հասնել 200 դոլարի:

Goldman Sachs բանկում կարծում են, որ առաջիկա երեք ամիսների WTI տեսակի նավթի մեկ բարելը կարժենա 41 դոլար (նախկինում կարծիքներ կային 70 դոլարի մասին), Brent տեսակինը՝ 42 դոլար (նախկինում՝ 80 դոլար):

Համաշխարհային բանկում էլ կանխատեսում են, որ 2015 թվականը նավթի ցածր գների տարի է լինելու: