Բրիտանական հայտնի փաստաբան, հոլիվուդյան ճանաչված դերասան Ջորջ Քլունիի կինը՝ Ամալ Քլունին, ի պաշտպանություն ազատ խոսքի «Ոսկե գլոբուս»-ի մրցանակաբաշխությանը ներկայացել է ձեռնապայուսակով, որի վրա «Je Suis Charlie» մակագրությամբ նշան է եղել: Սակայն հիմա իրավապաշտպանը պետք է ապացուցի, որ խոսքի ազատությունը ոչ միշտ է արդարացված: Այս մասին գրում է իսպանական «El Mundo» պարբերականը՝ մեկնաբանելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավարությունը: Քլունին պետք է հերքի ՄԻԵԴ-ի դատավորների նախկին փաստարկները, որոնք որոշել էին, որ ի տարբերություն Հոլոքոստի՝ Հայոց ցեղասպանությունը հանրության շրջանում միասնաբար չի ընդունվում:

Թերթը գրում է. «Չորեքշաբթի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը սկսեց լսել թուրք քաղաքական գործչի փաստարկները, որին Շվեյցարիայում դատապարտել էին՝ Հայոց ցեղասպանությունը հերքելու համար: Գործն իր տեսակի մեջ կինոսցենարի վերածվեց. փաստաբաններից մեկը դարձավ Ամալ Քլունին: Նիստը լուսաբանելու համար ավելի քան 60 լրագրող հավաքվեց:

Քլունին բազմաթիվ լուսանկարիչների գրավեց: Հիշողության մեջ միանգամից արթնացավ, թե ինչպես էր նա ամուսնուն ուղեկցում «Ոսկե գլոբուսի» մրցանակաբաշխության ժամանակ, որի ընթացքում դերասանին պատվում էին մարդու իրավունքների պաշտպանության գործում ներդրման համար:

Ամալ Քլունին միշտ հանդես է եկել մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից, բայց մինչեւ վերջերս նրա գործունեության մասին քիչ բան էր հայտնի: Դերասանի հետ ծանոթությունից հետո նրա դատական գործերը մեծ ուշադրության են արժանանում: Այսպես, Քլունին ներկայացրել է Եգիպտոսում ձերբակալված «Ալ-Ջազիրա»-ի թղթակիցների, ինչպես նաեւ Հունաստանի կառավարության շահերը, որը Մեծ Բրիտանիայից պահանջում էր վերադարձնել Պարթենոնի մարմարը, իսկ ահա հիմա՝ Հայաստանի կառավարության շահերը:

2013 թվականի դեկտեմբերին ՄԻԵԴ-ն արդարացրեց թուրքական քաղաքական գործիչ Դողու Փերինչեքին Շվեյցարիայի կառավարության դեմ գործում, որը 2007 թվականին նրան պարտադրել էր տուգանք վճարել՝ ռասայական խտրականության եւ ազատ խոսքի չարաշահման համար: Ասուլիսներից մեկի ժամանակ Փերինչեքը հայտարարեց, որ Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» է՝ հավելելով, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների եւ տեղաանության ժամանակ նման մտադրություն չի եղել:

Շվեյցարական իշխանություններն անհրաժեշտ համարեցին հարցը կրկին քննարկման դնել Ստրասբուրգում, եւ նոր դատավճռի համար մի քանի ամիս կպահանջվի: Գործում ներգրավված են նաեւ Թուրքիան եւ Հայաստանը: Վերջինին ներկայացնում են Ամալ Քլունին եւ նրա գործընկեր Ջեֆրի Ռոբերթսոնը, ով 2010 թվականին Քլունիի հետ միասին ներկայացրել էր «WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի շահերը:

Քլունին ելույթ ունեցավ 6 րոպե, սակայն նախագահող դատավոր Դին Շպիլմանը թույլ տվեց երկարացնել ելույթը: Քլունին իր հերթին հայտարարեց, որ Հայաստանի կառավարության անունից ելույթ ունենալն իր համար մեծ պատիվ է:

Լիբանանում ծնված Քլունին Օսմանյան կայսրության կողմից հայերի հանդեպ բռնության կիրառման բազմաթիվ փաստեր ունի: Դրանցից են մահվան երթերը (Սիրիայի անապատներում - խմբ.):