Հայ-թուրքական բանակցությունների ընթացքում Հայաստանի կառավարության դիրքորոշման դրական եւ բացասական կողմերի վերաբերյալ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը հայտնեց, որ, բանակցությունը ձեւակերպումներ պահանջող գործընթաց է՝ ճշգրիտ միջոցառումներով զուգորդվող՝ տեղեկատվական, քաղաքական եւ այլն, ինչը բանակցությունների ընթացքում թուրքական կողմի մոտ նկատելի էր, իսկ հայկականի՝ոչ։ «Հայաստանի կառավարությունը իրականում հայ-թուրքական բանակցությունների ժամանակ շահերի ճիշտ վերլուծություն չի կատարել, գործընթացները ճիշտ չի ձեւավորել, այսինքն պետք է ընտրվեին բանակցության ժամանակը, ներկայացվելիք պահանջները, ինչպես նաեւ այլընտրանքային տարբերակները։ Այս ամենի բացակայությունը դարձավ Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկը»,-ասաց նա։
Պատգամավորի խոսքերով, դա էր պատճառը, որ հասարակության մեջ ներքին դժգոհությունները շատ էին, քան կարող էին լինել այդ գործընթացը ճիշտ կազմակերպելու դեպքում։ Այսինքն հայ հասարակությունը Հայաստանի կառավարությանը արդարացիորեն մեղադրեց գաղտնագողի, թաքուն բանակցություններ վարելու եւ համընդհանուր ցավի ոգեկոչման տարելիցից մեկ օր առաջ անակըկնալի բերելու, ինչպես նաեւ բանակցային գործընթացում թույլ տրված թերությունների մեջ։ «Անգամ ոչ գրագետ քաղաքացին հասկանում է, որ թուրքի հետ նման կերպ չեն բանակցում»,-նշեց Ստեփան Սաֆարյանը։




























