Ֆրանսիական «Գրենոբլը» երկիրի գավաթի 1/16-ում սենսացիոն կերպով հաղթեց Մարսելի «Օլիմպիկին»: Չնայած վառ հաղթանակին` 1/8-ում թիմը պարտություն կրեց և դուրս մնաց հետագա պայքարից:

NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանը զրույցեց «Գրենոբլի»  հարձակվող Վահագն Միլիտոսյանի հետ.

Վահագն, «Գրենոբլ» տեղափոխվելուց հետո փակեցիր facebook-ի քո պրոֆիլը: Ինչո՞ վ էր պայմանավորված այդ քայլը:

Ինչ տեղափոխվել եմ «Գրենոբլ», մենակ եմ ապրում: Ինձ կտրել եմ շատ բաներից, այդ թվում և երկար ժամանակ facebook-ից:

Արդեն  մի քանի ամիս է «Գրենոբլում» ես: Ի՞նչ կասես թիմի մասին` ինչո՞վ է այն տարբերվում նախորդ թիմից՝ «Լավալից»:

Շատ լավ թիմ է՝ լավ պայմանանորով: Ունենք 20 000 նստարաններով  մեծ մարզադաշտ: Տարբերությունն այն է, որ թիմը հանդես է գալիս չորրորդ լիգայում և ընթանում է առաջին տեղով: Եկող տարի արդեն հանդես կգանք երրորդ լիգայում: Հուսով եմ, հաջորդ  տարի էլ կլինենք երկրորդում:

Ապագադ այդ թիմի հետ ես  կապո՞ւմ:

Դեռ այստեղ եմ: «Գրենոբլին» մեծ նվաճումներ են սպասվում ապագայում: Ֆրանսիայի գավաթի 1/16-ում հաղթեցինք Մարսելի «Օլիմպիկին»: Ուժեղ թիմ է ձևավորվել:

Ինչպե՞ս ստացվեց, որ հաղթեցիք Մարսելի «Օլիմպիկի» պես ուժեղ թիմին, բայց պարտվեցիք երրորդ լիգայի «Բուլոնին»:

«Օլիմպիկի» դեմ խաղում էինք տանը՝ 20 000 հանդիսականի առջև, իսկ «Բուլոնը» նրանց դաշտում: Բայց կարող էինք «Բուլոնին» էլ հաղթել: Պարտվեցինք նվազագույն հաշվով: Մենք շատ էինք ցանկանում խաղալ Առաջին լիգայի թիմի դեմ և ուժեղ հանդես եկանք Մարսելի դեմ, իսկ նրանք շատ հանգիստ ու վստահ եկան մեզ մոտ:

Գո՞հ ես «Գրենոբլում» քեզ հատկացված խաղային ժամանակից:

Գոհ չեմ, բայց իմ դիրքում հանդես է գալիս թիմի լավագուն ֆուտբոլիստ Նասիմ Ակրուրը: Ես հանդես եմ գալիս հաճախ երկրորդ թիմում, բայց առաջին թիմում էլ ինձ հատկացվում է խաղաժամանակ: Գավաթի վերջին խաղին մասնակցեցի:

Եվրոպական ցածր լիգաներում հանդես եկող ֆուտբոլիստները հիմնականում ձգտում են խաղալ Ռուսաստանում, քանի որ այնտեղ լավ են վարձատրում: Նման ցանկություն քեզ մոտ չի՞ եղել:

Եթե գնամ Ռուսաստան, ապա միայն  խաղալու համար, այլ ոչ փողի: Ֆրանսիայում էլ վատ չեն վարձատրում:

Որքա՞ն է կազմում  լավ աշխատավարձը Ֆրանսիայում:

Կախված է լիգայից  ու ֆուտբոլիստից: Բայց Դուք էլ գիտեք, որ ֆուտբոլիստներին լավ են վարձատրում ամեն տեղ:

Կարծո՞ւմ ես: Անգամ Հայաստանո՞ւմ:

Հայաստանի մասին չգիտեմ, բայց կարծում եմ, որ ֆուտբոլիստը պետք է մտածի ոչ թե փողի, այլ խաղի մասին: Եթե լավ խաղաս, պայմանագրեր կլինեն:

Վահագն, նախորդ տարի միացար ազգային հավաքականին` Շվեյցարիայում: Մինչ այդ Ֆրանսիայում երիտասարդական հավաքականին էիր միացել, բայց Հայաստան չես կարողանում գալ, քանի որ թղթաբանական խնդիրներ ունես: Ե՞րբ կլուծվեն դրանք:

Հուսով եմ՝ շուտով ամեն ինչ կկարգավորվի:

Կարծում ես, եթե լավ հանդես գաս, մի օր կհրավիրվե՞ս հավաքական:

Չգիտեմ, ես դեռ երիտասարդ եմ ու ժամանակ ունեմ ինձ դրսևորելու: